ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ամենագետը»

«Ամենագետը»
18.08.2024 | 09:01

Օրերս ամենայն հայոց սրտի վարչապետը, այցելելով թանգարան, գյուտ արեց, ասելով, որ թանգարանը, պատկերասրահը ընդամենը պահեստ է, քանի որ միևնույն նկարը տարիներ շարունակ կախված է լինում նույն տեղում։ Զարմանում եմ, Նիկոլ Փաշինյան, մի՞թե քո կողքին չկա մեկը, գոնե մեկը, ով քեզ կուղղորդի, օրինակ, թանգարանում ինչ խոսես, ինչի մասին խոսես, որպեսզի քո դատողությունները չթողնեն երեխայի մանկամիտ թոթովանքի տպավորություն։

Հիմա ո՞նց չասեմ, որ 1519 թվականին, երբ մահացավ Լեոնարդո դա Վինչին, նրա անմահ «Ջոկոնդան» դարձավ Ֆրանցիսկ Առաջին թագավորի սեփականությունը, այնուհետև անցավ Նապոլեոն Բոնապարտի ձեռքը, դրանից հետո հայտնվեց Լյուքսեմբուրգի թանգարանում, որտեղից էլ տեղափոխվեց նորակառույց Լուվր, որտեղ էլ (բացառությամբ 1911 թ. , երբ թանգարանի իտալացի աշխատակիցը, հայրենասիրական մղումներից դրդված, առևանգեց այն՝ Իտալիա տեղափոխելու համար) մինչ այսօր հանգրվանել է «Ջոկոնդան»։ Ուրեմն Լուվրը պահեստ է։ Եվ շնորհիվ այդ պահեստի է, որ մարդկությունը հնարավորություն ունի «Ջոկոնդա» տեսնելու։ Դրեզդենի պատկերասրահում մի առանձին սենյակ է հատկացված Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը» կտավի համար։ Դրեզդենյան պատկերասրահը նույնպես պահեստ է։ Նույն բանը' առանձին մի սենյակ Ամստերդամի Ռեյկսմուզեում, «պահեստում» հատկացվել է նաև Ռեմբրանդտի «Գիշերային դետք» մեծադիր կտավի համար։ Մադրիդի Պրադո «պահեստում» էլ գտնվում է Պիկասոյի «Գեռնիկան», Էլ Գրեկոյի «Կոմս Օրգասի թաղումը»։ Շարունակե՞մ, թե բավական է։ Եթե կարծում եք, թե Բոլոնիայի երկաթուղային կայարանում կարող եք հանդիպել Միքելանջելոյի «Դավիթին», սխալվում եք, այն մշտապես գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, այսինքն՝ «պահեստում»։ Բայց դուք իրավացի եք, աշխարհի բոլոր թանգարաններն ու պատկերասրահները յուրատեսակ պահեստներ են (սակայն ոչ ձեր իմացած), որտեղ ամբարված են մարդկության հոգևոր արժեքները. պահեստներ են, որտեղ, սակայն, մուտք ունի ցանկացած մարդ, ով ուզում է առնչվել համամարդկային արժեքների հետ, ով ուզում է ինքնամաքրվել, ով ուզում է մարդկայնանալ, ինչը, իհարկե, ձեր սրտով չէ, այլապես Հայաստանի միակ գիտատեխնիկական գրադարանը (երկու միլիոն գիտական շտեմարան ունեցող) թեթև ձեռքով չէիք լուծարի, ինչպես որ օտարում եք նշխարաչափ Հայաստանի հողերը։

Հ. Գ. Ցավալի է, որ չգիտեք թանգարանների միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մասին, ըստ որի, թանգարանները պարբերաբար փոխանակվում են սեփական հավաքածուներով՝ ցուցադրության համար։ Նույնը գործում է նաև գրադարանների համակարգում։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ